Ստեղծելով abcd.am պորտալը՝ համահեղինակները նպատակ են ունեցել ժամանակակից տեխնոլոգիական առաջընթացը ծառայեցնել ազգային մշակութային և գրական ժառանգության տարածմանը։ Նախագծի հիմնական շեշտադրումները և ուղղվածությունը բխել է հայկական մեծ սփյուռքի գոյության հանգամանքից, հետևաբար լուծումները տրվել են այնպես, որ մշակութային արժեքը ներկայացի հնարավորինս բազմաշերտ, այսինքն՝ հագեցած լինի տեսապատկերային ինֆորմացիայով, թարգմանություններով, քարտեզներով և այլ բացատրական գիտելիքահենքով։ Այսպես, օրինակ ստեղծվել է Մատենադարանում պահվող և ցուցադրության համար պահոցից շատ հազվադեպ դուրս բերվող Հեթում Արքայի Ճաշոցի բարձրորակ թվայնացված տարբերակը` հայերեն, ռուսերեն և ֆրանսերեն նակարագրողական ինֆորմացիայով։ Այն հնարավորություն է տալիս, որ Հայաստանից դուրս, ՀՀ մարզերում բնակվող մատաղ սերունդը ոչ թե ընդհանուր պատկերացում ունենա հայկական մանրանկարչության մասին, այլ մանրամասն ծանոթանա մանրանկարչության գլուխգործոցներին, իր ձեռքով թվային քանոնի միջոցով չափի և դիտի միլիմետրերի մեջ պատկերված գունագեղ և ոսկեզարդ զարդանախշերը, ծաղիկները, կենդանիները և մարդկանց։ Սայաթ-Նովայի տաղերը ներկայացնող թվային գիրքը համեմվել է դրանց թարգմանություններով, ասմունքով երգով և երաժշտական կատարումներով։ Այսինքն, նախագծի հեղինակները, ի տարբերություն մշակութային և գրական ժառանգության ֆորմալ ներկայացմանը, ջանք չեն խնայել, որպեսզի այն ըստ էության ծառայի մատաղ սերնդի կրթության, ազգային ինքնագիտակցության և կիրառական խնդիրներին։
Սամվել Միհրանի Մուրադյանը ծնվել է 1951թ. Երևանում: Ֆիզմաթ գիտությունների թեկնածու է: 1999թ.-ից հանդիսանում է "Ավիաինֆոտել" ՓԲԸ Գլխավոր ճարտարագետը: abcd.am նախագծի կոնցեպցիայի հեղինակն է: Մասնավորապես, որակապես նոր մակարդակի լուծումներ է տվել, որպեսզի գեղարվեստական, պատմական, բնագիտական նյութերը ներկայացվեն ժամանակակից տեխնոլոգիական հնարավորություններին համահունչ: Մշակել է նաև գրքերի բովանդակության մեջ հարմարավետ և արդյունավետ փնտրումներ կատարելու ալգորիթմները։ Հայկական գրականության համար նման որոնողական գործիքների ապահովումը անխուսափելիորեն անհրաժեշտ է, քանի որ ստեղծված լինելով երկար և ձիգ դարերի ընթացքում, աշխարհագրական շատ մեջ տարածքներում, մեր գրականությունը շատ խիտ է՝ տարբեր գրելաձևերի և բարբառների ընդգրկման առումով։
Սոֆյա Միհրանի Մուրադյանը ծնվել է 1939թ. Երևանում: Մասնագիտությամբ ֆիզիկոս է: Ունի մանկավարժական հարուստ փորձ: Տեխնոլոգիական համակարգերում տվյալների համակարգման և դրա ղեկավարման աշխատանքներով զբաղվում է 1999թ.-ից: 2007թ.-ից հանդիսանում է abcd.am կայքի գլխավոր խմբագիրը։ Ղեկավարելով գրականության ընտրության, թվայնացման, էլեկտրոնային գրքերի մշակման և տեղադրման ընդհանուր աշխատանքները, անմիջապես ինքն է թվայնացրել և տեղադրել այնպիսի ծավալուն աշխատություններ, ինչպիսիք են Մովսես Խորենացու «Հայոց պատմություն», Գրիգոր Նարեկացու «Մատեան ողբերգութեան», Ջոն Կիրակոսյանի «Երիտթուրքերը պատմության դատաստանի առաջ», Կորյունի «Վարք Մաշտոցի», Մխիթար Գոշի «Դատաստանագիրք Հայոց» և այլ աշխատություններ: Հանդիսանում է էլեկտրոնային գրքերի ձայնագրությունների հեղինակը:
Վահան Պատվականի Թովմասյանը ծնվել է 1959թ. Երևանում: Մասնագիտությամբ ռադիո-ֆիզիկոս է։ abcd.am նախագծի շրջանակներում ղեկավարել է տվյալների բազայի կառուցման աշխատանքները, իրագործել է տեխնոլոգիական լուծումները, ապահովել է նյութերի թվայնացման, մշակման, պահպանման և ներկայացման ողջ տեխնոլոգիական հենքը։ Տեքստային, պատկերային, ձայնային, շարժանկարային, քարտեզագրական և այլ բազմաֆորմատ տեղեկատվության համապարփակ և փոխկապակցված ներկայացումը թվային գրքի տեսքով բազմիցս արժանացել է ուսումնասիրողների բարձր գնահատանքին: